Բոլորը խոսում են Հայաստանում փողոցները մաքրելու մասին։ Ի՞նչ է պատահել և ինչ կապ ունի սեպտեմբերի 15-ը
2018 թ․ սեպտեմբերի 15-ը Համաշխարհային մաքրության օր է հայտարարված։ Շարժմանն արդեն միացել է 150 երկիր՝ ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Բելգիան, Հորդանանը, Իրանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վիետնամը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Քենիան, Տանզանիան, Մոզամբիկը, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը, Ավստրալիան և այլն։ Այս տարի համաշխարհային շարժմանը միացել է նաև Հայաստանը։
1
Ի՞նչ է կատարվում
Ամբողջ Հայաստանում մարդիկ հավաքվում են՝ իրենց երկիրն աշխարհում ամենականաչը դարձնելու համար Համաշխարհային մաքրության օր (World Cleanup Day) միջազգային շարժման շրջանակում, որին մասնակցում է 150 երկիր։ Հայաստանում Համաշխարհային մաքրության օրը նախաձեռնել է IDeA հիմնադրամի կամավորների մի խումբ։ Շարժմանը պաշտոնապես միացել է 10 000 մարդ․դա հաստատված մասնակիցների ամենամեծ թիվն է բոլոր երկրների շրջանում, թեև Հայաստանը վերջերս է միացել շարժմանը։ Հայաստանյան կազմակերպիչներն ուզում են կազմակերպել աշխարհում ամենամեծ ակցիան։
2
Լավ, և ինչպե՞ս է դա լինելու
Ակցիան տեղի է ունենալու սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ը։ Տվյալ պահին բոլոր տարածաշրջաններում կան կամավորական խմբեր, որոնք մաքրելու են որոշակի կետեր։ Նշված թիմերով քարտեզը հրապարակվելու է cleanuparmenia.org

կայքում հաջորդ շաբաթվա ընթացքում։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ առկա խմբերին, սեփական թիմի համար տարածք ընտրել, կամ էլ պարզապես դուրս գալ և մաքրել իրեն տան բակը և փողոցը։

Ամբողջ երկիրը կարող է առցանց հետևել գործընթացին. կազմակերպիչներն իրենց էջերում տեղադրելու են մասնակիցների լուսանկարները. պետք է միայն հրապարակում անել, նշել մաքրած տարածքը և դնել #cleanuparmenia հեշթեգը։ Լուսաբանմանը միանալու են նաև լրատվամիջոցները, իսկ մաքրության օրվա մասին ավարտից հետո կգրեն նաև միջազգային մեդիաները։
3
Ընդամենը մեկ օ՞ր։ Մի՞ թե աղբը նորից չի հայտնվի։
Ամեն ինչ կախված է մեզանից։ Կազմակերպիչները հույս ունեն, որ արդեն հինգ տարի անց նման ակցիաների կարիք չի լինի, քանի որ շարժման հիմնական նպատակն է ձևավորել նոր մշակութային էկոսովորություններ, նոր մտածելակերպ և ցույց տալ, թե ինչպես է կարելի ապրել էկոլոգիապես ճիշտ։ Նախաձեռնությունը չի ավարտվում մեկ ակցիայով՝ մշակվելու են հետագա համակարգային քայլեր։

Արդեն այսօր մեր համաքաղաքացիները սովորում են ապրել նոր ձևով. սոցիալական ցանցերում մեկնարկել է #գրազ #ibetican (i bet i can – գրազ գանք՝ ես կարող եմ)գրազ չելենջ, որի շրջանակում մարդիկ գրազ են գալիս միմյանց հետ, որ կարող են հրաժարվել շրջակա միջավայրին վնասող սովորություններից։ Պարտվողը մեկ դոլար է նվիրաբերում Հայաստանում էկոմիջավայրի զարգացմանը։
4
Մի՞ թե առանց ինձ չեն կարող մաքրել
Կմաքրեն, բայց ոչ ամեն ինչ և ոչ ամենուր։ Ցավոք, աղբը չափազանց շատ է. մեկ օրում մեկ անձն արտադրում է միջինը 1-ից 1,5 կիլոգրամ աղբ։ Ամենամեծ վտանգը ներկայացնում է պլաստիկը, որը շատ է տարածված Հայաստանի փողոցներում։ Այն քայքայվում է 500-ից 750 տարի՝ այդ ամբողջ ընթացքում թունավորելով հողը, օդը, ջուրը, սպանելով կենդանիներին և վարակելով մեր սնունդը։ Հայտնի է, որ գրեթե յուրաքանչյուր աղի տուփի մեջ կարելի է գտնել միկրոպլաստիկի մասնիկներ, որոնք նստվածք են տալիս մեր օրգանիզմում։
5
Լավ, իսկ այլ վայրում պլաստիկը չի՞ քայքայվելու
Ո՜չ։ Պլաստիկ շշերը, որոնք հավաքվելու են World Cleanup Day Armenia-ի շրջանակում, փոխանցվելու են Cleanland գործարանին՝ վերամշակման համար։ Վերամշակումից հետո պլաստիկից կարելի է ստանալ շինանյութ, հագուստ (20 փոքր շշից կարելի է մեկ շապիկ արտադրել) և նոր տարա։
6
Իսկ էլ ո՞վ է մասնակցում
Իրենց մասնակցությունը հաստատել են Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչները։ Շարժման նախաձեռնողն է IDeA հիմնադրամը, գործընկերներ են ՀՀ Բնապահպանության նախարարությունը, WWF-ը, ATP-ն, ISSD-ն, Apaga-ն, Ucar-ը, Proper Company-ն, Cleanland-ը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, Vega-ն, Coca-Cola-ն, Ameriabank-ը, Beeline-ը և 100 այլ հիմնադրամներ, ընկերություններ ու կազմակերպություններ։
7
Լավ է հնչում։ Ինչպե՞ս եմ կարող միանալ Մաքրության միջազգային օրվան
Կա մի քանի ճանապարհ։ Հաջորդ շաբաթ նախագծի կայքում՝ cleanuparmenia.org

կտեղադրվի քարտեզ, որի վրա նշված կլինեն այն տարածքները, որոնց կցված են թիմեր և որտեղից հեռացվելու է աղբը։ Եթե դուք ունեք 30-հոգանոց կամ ավելի մեծ թիմ, այդ մասին կարող եք հայտնել կազմակերպիչներինlets@cleanuparmenia.orgէլեկտրոնային հասցեով, և ձեր տարածքը կետի տեսքով կավելանա քարտեզի վրա։ Եթե դուք չունեք մեծ թիմ, ապա կարող եք ձեր ընտանիքի և ընկերների հետ դուրս գալ փողոց և մաքրել ձեր բակը, փողոցը, իսկ աղբով ու պլաստիկե շշերով տոպրակները տանել այնտեղ, որտեղ թիմեր են աշխատում, քանի որ այնտեղից աղբը հեռացվելու է։

Ակցիայի ավարտին բոլոր մասնակիցները սելֆի են անելու իրենց թիմի հետ մաքրած փողոցների ֆոնին և լուսանկարները տեղադրելու են #cleanuparmenia հեշթեգի ներքո, իսկ կազմակերպիչները հավաքելու են բոլոր լուսանկարները և ցույց են տալու ամբողջ Հայաստանին։
8
Բայց և այնպես, ինչի՞ համար է սա ինձ պետք
World Cleanup Day շարժման մեջ ամենակարևորը սեփական դիրքորոշումը շրջակա միջավայրի պաշտպանության նկատմամբ ցուցադրելն է։ Նույնիսկ եթե մենք անձամբ աղբ չենք թափում որտեղ պատահի, բայց հանգիստ անցնում ենք տարերային աղբանոցների և օդում թռչող տոպրակների կողքով, դա նշանակում է, որ մենք ընդունում ենք իրավիճակը և գոհ ենք ամեն ինչից։

Այժմ Հայաստանում այնքան ուժեղ քաղաքացիական հասարակություն է, որ փողոցների կեղտը չի կարող գոհացնել ոչ ոքի։ Ուրեմն եկեք պաշտպանենք մեր երկիրը էկոլոգիական աղետից և մեր երեխաներին ավելի լավ աշխարհ ժառանգենք։
Contact Us
Follow us through the links below and be happy.